ԱՄՆ-ում պահանջել են առգրավել Քիմ Քարդաշյանի գնած հռոմեական արձանը

Միացյալ Նահանգների դաշնային դատախազությունը պահանջել է առգրավել հռոմեական դասական արձանը, որը գնվել է Քիմ Քարդաշյանի անունով: Քանդակը ենթադրաբար գողացել են Իտալիայից։

ԱՄՆ-ում դաշնային դատախազությունը պահանջում է առգրավել հին հռոմեական արձանը, որը պետք է ստանար մոդել Քիմ Քարդաշյանը, այս մասին հայտնում է NBC News-ը: Համապատասխան հայցը ներկայացվել էր անցյալ շաբաթ Լոս Անջելեսի դաշնային դատարանում:

Հին հույն քանդակագործ Մայրոնի կողմից Աթենայի արձանի հռոմեական կրկնօրինակի մի կտոր հայտնաբերվել էր դեռ 2016 թվականին Լոս Անջելեսի նավահանգստում մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: «Masterpiece International» արվեստի բեռնափոխադրող ընկերության բրոքերը արձանի գնման փաստաթղթերը հանձնել է մաքսային մարմիններին: Դրանցում նշել է, որ քանդակը ներմուծել և ուղարկել է Քիմ Քարդաշյանին՝ Noel Roberts Trust- ի միջոցով (զբաղվում է Քարդաշյանների և Քանյե Ուեսթի անշարժ գույքի առք ու վաճառքով): Այն ժամանակ քանդակը արդեն առգրավված է եղել։

ԱՄՆ իշխանությունները, դիմելով իտալացի հնէաբանի փորձաքննությանը, եզրակացրել են, որ քանդակը Իտալիայից ապօրինի տեղափոխվել է ԱՄՆ: Միևնույն ժամանակ, դատարանի փաստաթղթերում ոչինչ չի ասվում Քարդաշյանների կողմից խախտումների մասին:

Քարդաշյանի խոսնակը բրիտանական Daily Mail թերթին հայտնել է, որ Քարդաշյանը մինչ օրս էլ տեղյակ չի եղել, որ արձանը գնվել է իր անունով: «Մենք կարծում ենք, որ հնարավոր է, որ այն գնվել է իր անունով առանց թույլտվության: Քանի որ արձանը այդպես էլ չի հասել Քիմին, նա ոչինչ չգիտեր գործարքի մասին », – պարզաբանել է մամուլի խոսնակը: