One Direction-ից հայտնի Լիամ Փեյնը խոսել է խմբի գոյության ընթացքում ալկոհոլիզմով և դեպրեսիայով տառապելու մասին (տեսանյութ)

Բրիտանական One Direction (1D) փոփ խմբի անդամներից մեկը՝ Լիամ Փեյնը, խոսել է գերհաջող տղայական խմբի գոյության ընթացքում ալկոհոլիզմով և դեպրեսիայով տառապելու մասին:

Այս մասին նա անդրադարձել է YouTube-յան The Diary of a CEO ալիքին տված հարցազրույցում:

27-ամյա երգիչը կիսվել է, որ խմբի հյուրախաղերի և շրջագայությունների ժամանակ նա սկսել է լուրջ խնդիրներ ունենալ «հաբերի և ալկոհոլի» օգտագործման հետ կապված:

«Այն ժամանակ դեմքս տասն անգամ ավելի լայն էր: Մեզ պաշտպանելու լավագույն միջոցը սենյակում փակելն էր: Իսկ ի՞նչ կա սենյակում՝ մինի բար: Եվ այսպես է շարունակվել տարիներ շարունակ»,- նկատել է Փեյնը և հավելել՝ իր մոտ նույնիսկ ինքնասպանության մտքեր են առաջացել:

Երգիչը նշել է նաև, որ այն օրը, երբ հայտարարվել է խումբը ցրելու մասին, ինքն ուղղակի երջանիկ է եղել:

«Գիտեմ, որ շատերն ինձ վրա բարկանալու են սա ասելու համար, բայց այդ ժամանակ ես պետք է կանգ առնեի, այլապես դա ինձ կսպաներ»,- անկեղծացել է նա:

Հիշեցնենք՝ Փեյնն ընդամենը 16 տարեկան էր, երբ հայտնի «բոյ բենդի» անդամ է դարձել, որը 2010 թվականին ստեղծել էր հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելը The X Factor երաժշտական նախագծի շրջանակում:

Բացի Փեյնից, խմբի անդամներ էին նաև Հարրի Սթայլզը, Նայլ Հորանը, Լուի Թոմլինսոնը և Զեյն Մալիքը: One Direction-ը լուծարվել է 2015-ին: