Ջուս. «Բոլորին սպասվում է, ոչ թե երգ, այլ ատոմային ռումբ»

Երգչուհի Ջուսը շուտով պատրաստվում է ներկայացնել նոր տեսահոլովակ, որն իր բնորոշմամբ՝ նման է լինելու ատոմային ռումբի: Նա երկրպագուներին կուրախացնի նաև իր նոր դուետով:
ShowBiz.am կայքի հետ զրույցում երգչուհին կիսվել է՝ պատմելով երկրպագուների համար պատրաստած անակնկալներից, անձնական կյանքից և բացահայտելով իր հաջողության բանաձևը:

Ջուսը երգել դեռ սկսել է 7 տարեկանից: Նա սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնում և երգել «Հայեր» համույթում: Երկար տարիներ աշխատել է Մոսկվայում՝ ռուսական երգարվեստի հայտնի արտիստների հետ: 2011 «Ռադիո Վան» ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի, իսկ 2013 թվականին «Դար 21» հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ տարվա լավագույն արտիստ:
Իր խենթ ու յուրօրինակ կերպարով երգչուհին միանգամից կարողացավ գերել հայ հանդիսատեսին և մինչ այսօր էլ չի զիջում իր դիրքերը:

«Ուզում եմ բոլոր երկրպագուներիս ուրախացնել՝ ասելով, որ սշուտով կկայանա իմ նոր տեսահոլովակի պրեմիերան: Վստահեցնում եմ, որ բոլորին սպասվում է, ոչ թե երգ, այլ ատոմային ռումբ՝ շատ վառ ու պարային: Նաև ունեմ նոր դուետ երգիչ Սերգոյի հետ: Սպասեք թեժ երգին:
Հիմա ես համագործակցում եմ երգահան Աղասի Գևորգյանի և գործիքավորող, ռեժիսոր Անդիշի հետ: Նոր տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերին: Նաև կա արդեն նոր դուետ երգիչ Սերգոյի հետ, որի գործիքավորումն ու ամբողջ երգի պրոդյուսինգը արվել է Մոսկվայում Գուժի կողմից, ով աշխատում է ռուսական շոու-բիզնեսի աստղերի հետ: Երգի հեղինակը կրկին Աղասի Գևորգյանն է:»,- կիսվում է երգչուհին:

 


Ջուսը հիմա համագործակցում է երգահան և գործիքավորող Աղասի Գևորգյանի հետ: Իսկ երգիչ Սերգոյի հետ իր դուետը երկրպագուները կկարողանան գնահատել միայն 2020 թվականին:
Ջուսի կարծիքով այսօր մեր շոուբիզնեսում պակասում է և շոուն, և բիզնեսը: Նա նշել է դրա պատճառները՝ համեմատականներ անցկացնելով արտասահմանյան աստղերի հետ:

«Երգիչները  մեկնել են արտասահման, որպեսզի գումար վաստակեն, ահա թե ինչու եմ ասում, որ հայ շոուբիզնեսում պակասում է և շոուն, և բիզնեսը: Բոլոր հայ աստղերն էլ հետաքրքիր են  իրենց երգարվեստով, բայց ես կուզեի, որ երգի ոճերը լինեին տարբեր: Հենց դա է պակասում մեզ մոտ:
Ես երբեք չեմ սիրել որևէ  մեկին նմանվել: Կարծում եմ, եթե նմանվում ես մեկին, ապա դու երկրորդն ես: Միշտ օրգինալն ավելի լավն է, քան կրկնօրինակը:
Միշտ սիրել եմ տարբերվող ու վառ երանգներով աստղերի՝ Մայքլ Ջեքսոն, Վիթնի Հյուսթոն, Ջեյմս Բրաուն, Ջորջ Մայքլ, Ռեյ Չարլզ:
Իսկ վերջերս սկսել եմ հիանալ Ջենիֆեր Լոպեսով, ով 50 տարեկանում ունի այդքան էներգիա ու շքեղ մարմին: Նույնը կարող եմ ասել Շերի մասին.73 տարեկանում ունենալ այդպիսի մարմին ու այդքան հյուրախաղեր, պարզապես, զարմացնում ու հիացնում է: Նա ինձ համար արտիստի լավագույն օրինակ է»,- ասում է Ջուսը:

 

Ջուսի շատ երկրպագուներ տարիներ շարունակ ցանկանում են, որպեսզի նա ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին, բայց երգչուհին չի շտապում իրականացնել նրանց այդ երազանքը:
«Այդ մրցույթն ինձ համար մի քիչ կրկեսային ու քաղաքական է: Շատ քիչ ցանկություն ունեմ այդ մրցույթին մասնակցելու համար: Իմ կարծիքով ժողովուրդը չի ընտրում մասնակցին: Ամեն բան որոշված է նախօրոք»,-բացատրում է երգչուհին:

Էքստրավագանտ երգչուհին ունի բազում երկրպագուներ, որոնց մեծ մասը տղամարդիկ են: Սակայն այն հարցին՝ կա մեկն իր սրտում, թե ոչ, երգչուհին պատասխանում է՝ «բա չլիներ»:
Չնայած որ Ջուսը դեռ միայնակ է, նա ունի հստակ պատկերացում՝ ինչպիսի տղամարդ է տեսնում իր կողքի և ցանկանում է, որ իր ընտրյալն անպատճառ համապատասխանի հենց այդ ստանդարտներին:
«Ես սիրում եմ զուսպ ու ջենթլմեն տղամարդկանց, ովքեր կարողանում են «վիզ դնել» աղջկա համար: Ովքեր շատ առատաձեռ են ու գեղեցիկ քայլերով կարողանում են գրավել աղջկա սիրտը:
Նախընտրում եմ այնպիսի տղամարդու, ով իր խոսքի տերն է և ում կարող եմ վտսահել վաղվա օրս: Եղել են շատ հիասքանչ նվերներ: Ես սիրում եմ, որ տղամարդուց ստացված նվերը լինի յուրահատուկ: Ռոմանտիկան պետք է լինի թանկարժեք. դա ոգեշնչում է աղջկան:
Տղամարդկանց դատում եմ ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ գեղեցիկ արարքներով»,- անկեղծանում է Ջուսը:

Երգչուհու խենթ կերպարը ձևական չէ ու չի արվում PR-ի համար:
Նա, պարզապես, շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, և հենց դա է Ջուսի հաջողության բանաձևը:
«Ես երբեք չեմ սիրում խաղալ ինչ-որ մեկի դերը: Դա քեզնից մեծ էներգիա է խլում ու փչացնում է նյարդերը: Ես տարբերվել եմ դեռ մանկուց: Կարծում եմ դրա պատճառը իմ էներգիան է՝ ներքին լույսը:
Կարևոր է գտնել քո յուրահատկությունը, որի վրա էլ կդրվի շեշտը: Հասկանալ ուժեղ կողմերը, լինել նպատակասլաց և երբեք չհանձնվել: Միշտ ձգտեք կատարելագործման:
Առանց իմ երկրպագուների ես չէի լինի որպես Ջուս: Շնորհակալ եմ այդ սիրո համար ու խոստանում են նորանոր անակնկալներ»,- եզրափակում է իր խոսքը երգչուհին:


Նյութը՝ Տաթևեր Լազարյանի