«Դետք» խմբի «Դիանա» տեսահոլովակի շնորհանդեսը - showbiz.am

«Դետք» խմբի «Դիանա» տեսահոլովակի շնորհանդեսը

By

1918 թվականին Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը՝ հենց Դիանա Աբգարի գործունեության շնորհիվ։  1889 թվականից Ճապոնիայում հաստատված Դիանա Աբգարին ՀՀ վարչապետ և արտգործնախարար Համազասպ Օհանջանյանը 1920 թվականին   նշանակեց  դիվանագիտական ներկայացուցիչ և Հայաստանի գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում, իսկ Ճապոնիայում` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

«Մենք գրում ենք երգեր մարդկանց, իրադարձությունների ու փաստերի մասին, որոնք մեզ որևէ ձև հուզում, հետաքրքրում կամ ոգեշնչում են։ Դիանա Աբգար ֆենոմենալ կնոջ կերպարը մեզ այնքան է ոգեշնչել, որ հասել ենք Տոկիո և նկարահանել իրեն նվիրված տեսահոլովակ»,- կիսվում է «ԴԵՏՔ» խմբի անդամներից Վահան Կիրակոսյանը:

«ԴԵՏՔ» հայկական բոյ-բենդը ներկայանում է իր ՝«Դիանա» նոր տեսահոլովակով, որը նվիրված է Դիանա Աբգարին՝ հայ գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու գործին։ 

 

1859 թվականի աշնան կեսերին Մյանմայում՝ մեծահարուստ վաճառական Հովհաննես Աղաբեկի ընտանքիում, ծնվեց նրա յոթերորդ երեխան՝ Անահիտը, ով 29 տարեկանում տեղափոխվեց Ճապոնիա իր ամուսնու՝ Միքայել Աբգարի հետ, ով իրեն Դիանա էր անվանում: Այդպես Անահիտը Դիանա Աբգար դարձավ։ Արմատներով նորջուղայցի Դիանա Աբգարը իմանալով 1909 թվականին Ադանայում սկիզբ առած հայկական ջարդերի մասին, ապաստարան է հիմնում Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։ Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը միակ մարդն էր, որն օգնում էր հայերին։ Հայերը ոչ լեզու գիտեին, ոչ տեղի սովորույթներին էին ծանոթ։ Նրա երաշխավորումով Ճապոնիայի իշխանություններն ու եվրոպական երկրների հյուպատոսները հայ փախստականներին անցագրեր տվեցին։ Տեղի ոստիկանությունում նրա մի խոսքն ավելի մեծ արժեք ուներ, քան որևէ պաշտոնական փաստաթուղթ։

Դիանա Աբգարին նվիրված նախագիծն իրականացնելու համար տղաները 3 տարվա ընթացքում ահռելի աշխատանք են կատարել՝ Երևանի տարբեր տեղերում քննարկումներ, նամակագրություններ, զանգեր մինչև Դոհա, ճապոնացի նկարահանող աշխատանքային թիմի հետ քննարկումներ, տարատեսակ թույլտվությունների հետևից վազվզել, գետնին քնել ու շատ այլ պատմություններ և էմոցիաներ։

«Մեզ թվում էր, թե ամենաանհավանական նկարահանումներն արդեն ունեցել ենք՝ Ծիծեռնակաբերդի պատերին («Forevermore»), Արցախում ինքնաթիռով («Շուշի»), տանկով («Մի ազգ, մի բանակ), բայց Ճապոնիայում պարզվեց, որ ամեն անհավանական բան դեռ նոր է սկսվում… Արկածներով, ուրախության ու տխրության տատանումներով լի 10 օր»,- հիշում են «ԴԵՏՔ» -ի տղաները:

Տեսահոլովակը նկարահանվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Տղաների նախագծի կյանքի կոչման գործում մեծ դեր է ունեցել նաև Դիանա Աբգարի թոռնուհին՝ Միմի Մալայանը:

 

«Դետք» երաժշտական խումբը ստեղծվել է 2015 թվականին՝ պրոդյուսեր Արման Ամպի կողմից։ Խմբի անվանումը ռազմական եզրույթ է՝ երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրեն վստահված տարածքին հետևելն է: Խմբի անդամներն են Վահան Կիրակոսյանը, Արման Պետրոսյանը և Միքայել Մելքումյանը;

Դեբյուտը կատարել է «Մամա» երգով։ Առաջին տեսահոլովակը՝ «Forevermore»-ը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ խմբի անդրանիկ ձայնասկավառակի հասույթը ուղղվեց զինծառայողների առողջության վերականգնման կենտրոնին, որտեղ քառօրյա պատերազմից վիրավոր զինվորներ էին գտնվում:

Երիտասարդ տղաներն անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, Շուշիին և այլ լուրջ թեմաների. սա պարտավորեցնող է և հատուկ նպատակ է հետապնդում:

 

«Մեզ համար կարևոր է մեր լսարանին մատուցել բարձր որակի երաժշտություն և միաժամանակ տալ կարևոր ինֆորմացիա։ Չ՞է որ արվեստը ինֆորմացիա հասցնելու լավագույն և ամենահաճելի միջոցներից է»,- խմբի հատուկ ուղղվածության մասին պատմում է  Վահան Կիրակոսյանը և հավելում, որ իրենց բոլոր հովանավորներն ու աջակիցները ավելի շատ գաղափարակիցներ են, քանի որ աջակցում են հենց գաղափարի իրականացմանը՝ հույս ունենալով, որ Հայաստանում երիտասարդներն ինքնաարտահայտվելու ավելի մեծ հարթակ կունենան։

 

«ԴԵՏՔ» -ի անդամներից Արման Պետրոսյանը հայտնի երգիչ և երգահան Տիգրան Պետրոսյանի որդին է: Խմբի տղաները Տիգրան Պետրոսյանին համարում են իրենց հաջողության գրավականը, ով միշտ իրենց կողքին է իր մասնագիտական կարողություններով, պրոֆեսիոնալ խորհուրդներով և երաժշտական ասպարեզում ահռելի փորձով։


Խմբի մյուս անդամը՝ Վահան Կիրակոսյանը, հայտնի քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի որդին է: Անուշ Կիրակոսյանը, որդուն մեծացնելով երաժշտության մեջ, ու բեմի նկատմամբ նրա մեջ սեր սերմանելով, միշտ հավատացրել է, որ լավ ու քրտնաջան աշխատանքը մի օր անպայման գնահատվելու է:


Համերգային ծրագրի ընթացքում պարզվեց, որ պրեմիերայի օրը համընկել էր խմբի անդամներից Միքայել Մելքույմանի ծննդյան տոնի հետ:

«Դիանա» տեսահոլովակի պրեմիերային հաջորդեց փոքրիկ համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին նաև խմբի արդեն ճանաչված ու սիրված երգերը:

Հայաստանյան միապաղաղ փոփ դաշտում տղաները դեռ նոր շատ ասելիքներ ունեն:

«Իմ խորին համոզմամբ հայկան փոփ երաժշտարվեստն այնքան փոքր է, որ կարելի է ասել գոյություն չունի։ Բոլոր նրանք, ովքեր սկսում են փոփով, ավարտում են «հարսի կաբլուկի» կամ «քո օրն է այսօր«-ի մասին երգեր երգելով և տեղափոխվում են ժանրային ինչոր անհասկանալի հարթակ, որը փոփ չէ։ Մենք չենք վազում այօրվա պահանջարկ վայելող կոմերցիայի հետևից, հավատալով որ արվեստում առաջարկն է ծնում պահանջարկ այլ ոչ հակառակը (Ինչպես արդարանում են համարյա բոլորը)։ Ամենայն հարգանքվ բոլոր արտիստների նկատմամբ, մենք ունենք հստակ ուղղվածություն և երբևէ չենք կարող նման փոփոխությունների ենքարկվել մի պարզ պատճառով՝ մենք այդ արժեքների կրողը չենք;

Հայկական շուկան շատ փոքր է լավ երաժշտություն ստեղծողների համար և լսարանն էլ, ցավոք շատ ժամանակ ոգևորիչ ու մոտիվացնող չէ, քանի որ նախընտրում է միջազգային շուկան՝ մի կողմ թողնելով տեղական բենդերի կամ անհատների բավական լավ երաժշտությունը», — անկեղծանում է «ԴԵՏՔ» խմբից Վահանը հավելելով, որ հայ երգարվեստին պակասում են ճաշակն ու նվիրյալները:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի
Լուսանկարները՝ Տաթև Ազարյանի

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ