Գարիկի ու Սոնայի ամանորյա երգը 12 օրում 400 հազարից ավելի դիտում է հավաքել. արձագանքները հիմնականում դրական են

Գարիկի ու Սոնայի ամանորյա երգը մոտենում է կես մլն դիտման սահմանին: «Էն ում Ամանորն է» ստեղծագործության տեսահոլովակը Յութուբում հրապարակվել է դեկտեմբերի 28-ին: Մինչև հիմա այն դիտել են ավելի քան 429 հազար անգամ:

Դեռ մինչև պրեմիերան երգը մեծ աղմուկ էր հանել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ անհրաժեշտ է ստեղծել մի հիթ, որը կկարողանա մրցել համաշխարհային այնպիսի հիթերի հետ, ինչպիսին է Jingle Bells-ը: Մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե հենց Գարիկին ու Սոնային է հանձնարարված հիթ ստեղծելու այդ առաջադրանքը:

Ավելի ուշ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր թեմային: Նա նշել էր, որ հիթ հնարավոր չէ ստեղծել, և որ ստեղծագործությունը հանգամանքների բերումով է հիթ դառնում: Նա նաև ասել էր, որ աղմուկի պատճառով իրենց վրա մեծ ճնշում են զգում ու անգամ վախենում են հրապարակել աշխատանքը:

Ամեն դեպքում պրեմիերայից հետո արձագանքները հիմնականում դրական են: Օրինակ՝ յութուբյան ալիքի մեկնաբանություններում կան անգամ կարծիքներ, որ հենց Սոնան ու Գարիկը պետք է Հայաստանը ներկայացնեն «Եվրատեսիլ 2020»-ում:

Երգի երաժշտության հեղինակը Գարիկն է: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Նրանք աշխատանքն արել են անվճար. նվեր են արել Երևան քաղաքին: