Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտնել են թագավորական պարտավորությունները պաշտոնապես վայր դնելու օրը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պաշտոնապես կդադարեցնեն իրենց թագավորական պարտավորություններն իրականացնել այս տարվա ապրիլի 1-ին, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Մինչ այդ զույգը դեռ պարտավորված կլինի մասնակցել Մեծ Բրիտանիայում անցկացվելիք թագավորական նվազագույնը 6 միջոցառման: Դրանցից վերջինը կլինի մարտի 9-ին Վեսթմինսթերյան պալատում:

Daily Mail-ը պարզաբանում է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Կանադա տեղափոխվելուց հետո ստիպված կլինեն այլևս չօգտագործել «Sussex Royal» բառակապակցությունը, որն իրենք ընտրել էին որպես իրենց նոր գործունեության անվանում: Եղիսաբեթ Երկրորդն իրենց արգելել է կիրառել դա, քանի որ բառակապակցությունն ասոցացվում է Մեծ Բրիտանիայի թագավորական իշխող տան հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայտարարել են, որ մտադիր են վայր դնել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները: