«Նա հրաշալի տղա է». Դևիդ Բեքհեմն այցելել է քաղցկեղով հիվանդ 70 -ամյա երկրպագուին (լուսանկարներ, տեսանյութ)

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը երկուշաբթի այցելել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսությունում բնակվող իր 70-ամյա երկրպագուին, գրում է Daily Mail-ը։

44-ամյա Բեքհեմը թեև այս օրերին հազվադեպ է դուրս գալիս տնից, քանի որ կորոնավիրուսի ֆոնին կնոջ՝ մոդելավորող, Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմի և իրենց չորս երեխաների հետ ինքնամեկուսացել է, որոշել է անակնկալ մատուցել Դևիդ Ռոբերտս անունով երկրպագուին։

Հավատարիմ մնալով սոցիալական հեռավորության կանոններին՝ 44-ամյա Բեքհեմը Ռոբերտսի հետ հեռվից է զրուցել:

Ըստ հաղորդման՝ Բեքհեմի այցը կազմակերպել է Age UK բարեգործական նախաձեռնությունը։

Խոսելով Բեքհեմի հետ իր անսպասելի հանդիպման մասին՝ թոշակառուն խոստովանել է, որ իրեն ավելի վաղ հայտնել էին նախկին ֆուտբոլիստի հնարավոր այցի մասին։

«Նա հրաշալի տղա է։ Մենք խոսեցինք, թե ինչ տեղի կունենա ֆուտբոլի այս մրցաշարում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և այն մասին, որ երկրպագում եմ «Լիվերպուլին»»,- հայտնել է թոշակառուն։

Դևիդ Ռոբերտսը, որն արդեն երեք տարի պայքարում է քաղցկեղի դեմ, ապրում է կնոջ և որդիների հետ։

«Ես կարծում եմ, որ այս այցը նույնքան կարևոր էր նրանց համար, որքան ինձ համար»,- ասել է նա։