«Վայրենին». Հայկ Մարությանի դերը, վտանգավոր տեսարաններն ու ֆիլմի գլխավոր ուղերձը

«Բնապահպանական թեմաներն ինձ անհանգստացրել են միշտ, որքան ինձ հիշում եմ, հետաքրքրվել եմ նման խնդիրներով»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է «Վայրենին» կարճամետրաժ նոր ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Հովհաննես Հակոբյանը:

«Դրանից առաջ բազմաթիվ ֆիլմեր եմ նկարահանել, սակայն փաստավավերագրական, ոչ թե խաղարկային: Ֆիլմի հիմնական նպատակը՝ մարդուն սթափեցնելն է ու ստիպել ավելի խնամքով վերաբերվել բնությանը, որովհետև եթե բնությունը բարկանա՝ բոլորս կտուժենք: Բարկանալիս նա չի ընտրելու ամենամեղավորին, այլ պատժելու է համայն մարդկությանը: Ամեն ճյուղ պոկելով՝ մի քայլ հետ ենք գնում: Սա է ուղերձը ֆիլմի»,- նշում է ռեժիսորը, ով փակ ցուցադրության շրջանակում հանդիսատեսին ներկայացրեց իր կարճամետրաժ նոր ֆիլմը:
Այն պատմում է մարդու և բնության հարաբերությունների մասին ու «նվիրվում է Հայաստանում սպանված ծառերին ու վայրի կենդանիներին»՝ ինչպես նշվում է ֆիլմի սկզբում:


Ոգեշնչվելով Ակսել Բակունցի «Մթնաձոր» ստեղծագործությունից՝ռեժիսորը որոշեց պատմել դժվարությունների ու խնդիրների առաջ կքած հասարակ մի գյուղի մասին, որն իր գոյությունը պահպանում է մեծ անտառի հարևանությամբ: Անտառն էլ իր հերթին ոչ միայն ապրուստի միջոց է դարձել գյուղացիների համար, այլև անտառահատների ու որսագողերի զոհը՝ օրեցօր կորցնելով երբեմնի բնական հարստությունը: Անտառի միակ պահապանը խիստ ու դաժան մարդու համբավ ունեցող անտառապահն է՝ Վայրենին, որը հոգու խորքում նուրբ ու զգայուն մարդ է՝ անտառի գրկում հանգստություն գտած: Մի օր, սակայն, Վայրենին նույնպես ստիպված է լինում կանգնել ծանր ընտրության առաջ՝ մարդու կյա՞նքը, թե՞ անտառի վերջին բնակիչներից մեկը:

«Ոգեշնչվել եմ Ակսել Բակունցի «Մթնաձոր» ստեղծագործությունից, սակայն ֆիլմը դրա հետ ոչ մի կապ չունի: Ինչո՞ւ եմ հատուկ նշում, որ բոլորովին նման չէ ֆիլմը ստեղծագործությանը, որովհետև վերջերս փոքրիկ անախորժություն եղավ ինձ հետ. ծանոթներիցս մեկը  ասաց՝ սա իր սցենարն է, որը ես աղավաղել եմ, սակայն այդ մարդն ինձ ուղարկել էր ոչ թե սցենար, այլ Ակսել Բակունցի ստեղծագործությունը, որը իմ մեջ առաջացրել էր մտահաղացում ֆիլմ նկարահանելու համար: Սցենարական ոչ մի նմանություն չկա»,- պատմում է Հակոբյանն ու հավելում, որ նկարահանման ընթացքում դժվարություններ գրեթե չեն եղել, որովհետև նախապատարստական աշխատանքները շատ հստակ են տարվել. «Երբ ես սցենարը գրում էի, ես պատկերացնում էի ամեն էպիզոդը, ամեն դրվագը կոնկրետ սարի լանջին, կոնկրետ ձորում: Իսկ ինչո՞ւ ընտրեցի հենց Լոռվա բնությունը՝ որովհետև սիրում եմ, պարզապես՝ սիրում»:

Ինչպես պարզվում է, գլխավոր դերերից մեկի համար ի սկզբանե դիտարկվել է դերասան Հայկ Մարությանը, ով այդ ժամանակ դեռ Երեւանի քաղաքապետը չէր. «Մենք սովոր ենք Հայկին միշտ տեսնել կոմիկական կերպարներում, սակայն մի օր նրան տեսա այդ կերապրից լրիվ դուրս՝ խոժոռված, մտահոգ: Ասացի, որ կերպարը շատ լավն է ու առաջարկեցի նրան այս ֆիլմի մեջ նկարահանվել, և նա դեմ չէր: Սակայն պրոցեսը երկարեց, ու երբ արդեն ժամանակն էր դերասաններին ընտրելու, պարզվեց՝ Հայկը դարձել է քաղաքապետ: Ես էլ չառաջարկեցի, որովհետև նա խրված էր գործերի մեջ»,- պատմում է ռեժիսորն ու հիշում, որ հենց այդ ժամանակ նա հիշեց Արթուր Մանուկյանին ու հասկացավ, որ նա նույնպես փայլուն թեկնածու է: Այդ ժամանակ Արթուր Մանուկյանը նոր էր սկսում քաղաքականության մեջ իր քայլերը, բայց չմերժեց:

«Խորհրդանշական է, որ այս դերի համար ընտրածս թեկնածուները դարձան քաղաքական գործիչներ: Արթուրը համաձայնվեց խաղալ ու խաղաց փայլուն: Նա, ավելի ճիշտ,  ոչ թե փորձեց խաղալ, այլ զգաց՝ ինչ կերպար է պետք ու դարձավ այդ կերպարը: Հենց դա է նրա փայլուն խաղի հաջողության գաղտնիքը»,- խոստովանում է Հովհաննես Հակոբյանը:

Ռեժիսորը նաև նշում է, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» որոշ չափով  ֆինանսապես աջակցել է ֆիլմի ստեղծմանը:

«Իմ գաղափարը միաձայն ընդունվեց ու շատ դուր եկավ բոլորին: Ես ունեի մեծահարուստ ծանոթ, որը խոստացել էր նույնպես ֆինանսապես օգնել, սակայն այդպես էլ չարեց: Ես իմ սեփական միջոցներով ու ընկերներիս աջակցությամբ նկարահանեցի ֆիլմը: Ինչպես ասում են՝ մի ունեցիր 100 ռուբլի, այլ ունեցիր 100 ընկեր», -եզրափակում է իր խոսքը Հովհաննես Հակոբյանը:

Գլխավոր դերակատարներից մեկը՝ Լիլիթ Սալնազարյանը, պատմում է ռեժիսորի հետ հանդիպման ու համագործակցության մասին ասելով. «Ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի հետ ծանոթությունն ու առաջարկը` մասնակցել իր նոր ֆիլմի համար ընթացող քասթինգին, անսպասելի էր, բայց ոչ պատահական… Ես չեմ հավատում պատահականությունների: Հիշում եմ մեր հանդիպման առաջին օրը Հովհաննեսի` խորը ու կասկածանքով ինձ զննող հայացքը… կարծես փորձում էր ինքն իրեն հարցնել, արդյո՞ք այն մարդն եմ, ում կարող է վստահել ու իր համար այդքան կարևոր, ցավոտ թեմայի  իրագործմանը մասնակից դարձնել… Սցենարն առաջին անգամ կարդալուց հետո, աչքերս լցվել էին… Հովհաննեսի հետ մեր հետագա զրույցների ընթացքում, երբ  լսում էի, նրա անկեղծ մտորումները մարդ-բնություն հարաբերությունների վերաբերյալ, թե ինչ անուշադիր ու անխնա ենք դարձել բնության հանդեպ, ես էլ էի համակվում այդ ամենով ու սկսում ավելի ու ավելի գիտակցել թեմայի կարևորությունը»:

Դերասանուհին պատմում է, որ նկարահանման ընթացքն անչափ հետաքրքիր էր ու հաճելի զգացողություններով, արկածներով լի. նա մեզ հետ կիսվեց նկարահանումների ընթացքում իր հետ տեղի ունեցած զավեշտալի պատահարի մանրամասներով. «Արկածներ, իհարկե, եղան. ըստ սցենարի, պետք է անցնեի գետի մի ափից մյուսը. Ձորագետն էր, նոյեմբեր ամիս… ջուրը, իհարկե, շատ սառն էր: Բոլորն անհանգստանում էին իմ մրսելու և դրա հետագա հետևանքների մասին, իսկ ես ներքին համոզմունք ունեի, որ ինձ հետ ոչ մի բան էլ չի լինի… դրա համար էլ համարձակորեն մերժեցի և՛ ջրասույզի համազգեստ հագնելու, և՛ մարմնիս վրա սագի ճարպ քսելու առաջարկները… և հետո, չէի ուզում խաբել ոչ ինձ, ոչ էլ հետագայում մարդկանց, ովքեր դիտելու էին ֆիլմը. դերասանական անկեղծ խաղ ու էմոցիաներ էի ուզում… և կար մի հանգամանք ևս, որ ես լողալ չգիտեի, բայց բոլորին հավատացրել էի, որ եթե ջուրը գնալով ավելի խորանա, լողալով կշարունակեմ առաջ գնալ: Ջրի սառնությունը չեմ զգացել, անկեղծ: Գետի այն հատվածը, որ ընտրել էին, այնքան էլ խորը չէր, միայն միջնամասում հասավ մինչև կրծքավանդակս, ու հենց այդտեղ էլ ոտքս սայթաքեց քարի վրայից: Զգացի, որ ալիքը հակառակ ուղղությամբ է տանում… մի խոսքով, հաղթահարեցի, դուրս եկա ու ինձ միանգամից  տարան տաքանալու. մեր միակ տաք տեղը մեքենան էր, որտեղ ինձ արդեն «սպասում» էին   իմ չոր շորերն ու ծիրանի տնական օղին … չէ, չհիվանդացա ու չփոշմանեցի»:

Լիլիթի պնդմամբ՝ նման թեմատիկայով ֆիլմեր երկիր մոլորակի բոլոր մարդկանց են պետք, որովհետև մենք բոլորս մի ամբողջական օրգանիզմի փոքրիկ մասնիկներն ենք և շղթաներով կապված ենք իրար:
Նա ասաց, որ հայ ռեժիսորները հազվադեպ են անդրադառնում բնությանը վերաբերվող հարցերին, գուցե այն պատճառով, որ մեր ժամանակներում մարդիկ հակված են մտածել`  ինչն ավելի մեծ մասսայականություն կվայելի, ավելի եկամտաբեր կլինի ու մեծ պահանջարկ կունենա…

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան