«Կյանքում ամենաերջանիկ պահը»․ Անահիտ Շահբազյանը՝ կանանց միամսյակի, նվերների և երազանքի մասին

Հայտնի երգչուհի Անահիտ Շահբազյանը և նրա ամուսինը՝ Կարեն Զադիրյանը ամսիներ առաջ են ծնողներ դարձել, և հիմա վայելում են յուրաքանչյուր րեպե իրենց գեղեցկուհի դստեր՝ Նարեի հետ։
Անահիտն ու Կարենն արդեն 2 տարի է ամուսնացած են և, կարելի է ասել, այս երեխան շատ սպասված էր։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ այս հրաշքին էի սպասում։ Երբ իմացա, որ բալիկ եմ ունենալու, շոկի մեջ էի, ուրախությունս բառերով չեմ կարող նկարագրել»,–Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է երգչուհին։ Անահիտը նաև պատմեց իր կյանքում ամենակարևոր խորհրդի, միամյսակի առթիվ ստացած առաջին նվերի և մայրության մասին։

Միամսյակի կապակցությամբ իմ առաջին ծաղիկները ստացել եմ դպրոցում․ հիշում եմ, որ այդ տղան իր բուլկիների գումարն էր հավաքել, որպեսզի այդ ծաղկեփունջն ինձ նվիրի։ Իսկ ես առաջին անգամ միամսյակին ծաղիկներ եմ նվիրել մայրիկիս, երկրորդ անգամ՝ դասղեկիս։
Նվերներ ես ստանում եմ ամեն օր՝ պատեհ կամ անպատեհ առիթներով․ իմը միամսյակ չէ, իմն ամբղջ տարին է։

Կյանքում ամենաերջանիկ պահը դստերս՝ Նարեի լույս աշխարհ գալն էր, երբ ողջ աշխարհն իմն էր։

Ամենահիշվող խորհուրդը, որ երբևէ ստացել եմ դասղեկինս էր՝ ընկեր Աբելյանինը, ով ասում էր՝ աղջկա անունը հայելի է, եթե կոտրես ու հետո փորձես հավաքել, միևնույն է, ճաքերի տեղը երևալու է։
Ծնողներիս խորհուրդները միշտ եղել են դաստիարակչական։ Մայրիկս մինչ օրս իմ իդեալն է, ու մայրանալուց հետո ավելի եմ նրան պաշտում։
Մորս յուրաքանչյուր խորհուրդ կանացիության և խոնարհության գոհար է։

Իմ գլխավոր սկզբունքն է ապրել Աստվածաշնչով և Նարեկով։ Դրանով ամեն ինչ ասված է։

Երբ դեռ փոքրիկ աղջնակ էի ձգտում էի նմանվել Ուիթնի Հյուսթոնին, երբ պատանի էի՝ Ջեննիֆեր Հուդսոնին, հիմա՝ Բեոնսեին։

Կինը երջանիկ է, երբ իրեն սիրում են ամենուր՝ տանը, աշխատավայրում, շրջապատում, փողոցում։

Մարդիկ բամբասում են իմ մասին թե՛ լավը, թե՛ վատը․ դա կարևոր է ինձ համար, որովհետև նշանակում է, ես նրանց կյանքում կամ։

Հաջողված կարիերայից բացի հպարտանում եմ նաև իմ սաներով, ովքեր տարիներ անց հրաշալի երաժիշտներ են դառնալու։

Եթե կարողանայի իմ այժմյան փորձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Անահիտին, ապա խորհուրդ կտայի քիչ հավատալ և քիչ վստահել մարդկանց։

Ամենից շատ երազում եմ բարության մասին։ Հավատացեք, որտեղ կա բարություն, այնտեղ կա նաև երջանկություն և սեր։

Խոհանոցն ինձ համար նորություն է՝ համերի աշխարհում փորձարկումներով, անահիտյան ինքնուրույն ոճով, խոհանոցային գաղտնիքներով հանդերձ։

Տղամարդու գլխավոր արժանիքները չեմ կարող կարճ ասել, որովհետև ամուսնուս արժանիքներն այնքան շատ են, որ չեմ կարող առավելությունը տալ միայն մեկ արժանիքի։

Իմ գլխավոր հատկանիշը, որից կցանկանայի ազատվել՝ խուճապն է ելույթներից առաջ, որը հիմա ինչ-որ չափով կառավարելի է։

Կարիերիստ չեմ։ Երբեմն մտածում եմ դրա մասին, միգուցե մի օր սկսեմ։

Եթե ունենայի երկրորդ կյանքի հնարավորություն․․․ վախենալու է․․․ թույլ տվեք այս կյանքս լիարժեք ապրեմ։

Որպես մայրիկ կարևորում եմ համբերատարությունը, սերն ու աղոթքը, որն ամեն օր փոխանցում եմ դստերս։

Խանդը չգիտեմ ինչ է, երբեք առիթ չեմ ունեցել ամուսնուս խանդելու։ Երևի կասեմ մի ուրիշ հարցազրույցում՝ տարիներ անց։

Ինչպիսին եմ ինձ տեսնում տարիներ անց՝ կպատասխանեմ տարիներ անց ու կասեմ ով դարձա ես։ Ապագան ապագա է, ու ես չգիտոմ վաղն ինչ օր է լինելու։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան