Վլադիմիր Արզումանյանը վերադառնում է՝ երկար տարիների ստեծագործական դադարից հետո

10 տարի առաջ Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը հաղթող ճանաչվեց Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ հանդես գալով  «Մամա» երգով։ Այսպիսով, նա ձեռք բերեց ոչ միայն հայ, այլև արտասահմանյան երկրպագուների մեծ բանակ ու վստահ քայլերով շարունակեց առաջ գնալ իր երաժշտական կարիերայում։

Ամիսներ առաջ 22-ամյա երգիչը հանդես եկավ «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի նախընտրական փուլում, և չնայած նա չկարողացավ այս անգամ հաղթանակ տանել մրցույթում՝ ստեղծագործական երկար դադարից հետո նա բոլոր երկրպագուներին հիշեցրեց իր մասին՝ խոստանալով անակնկալներ մոտակա ժամանակներում։
Showbiz.am կայքի հետ զրույցում Վլադիմիրը պատմեց մի քանի տարվա ստեղծագործական դադարի և ապագա ծրագրերի մասին։

Երգիչը հիշում է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել 2008 թվականին՝ «Ընծա» երգի մրցույթ-փառատոնի ընթացքում։
«Մտավախություն չեմ ունեցել, վստահ էի, որ կարող եմ»,-հավատացնում է նա և հավելում, որ այդ տարիքում հայտնի լինելն իր համար ընդհանրապես դժվար չէր, այլ հակառակը՝ հաճելի։
«Չէի ասի, որ դժվար է։ Ասեմ ավելին՝ լավ է, որ ճանաչված եմ, ուշադրության կենտրոնում եմ իմ մասնագիտությամբ հասած բարձունքների շնորհիվ»,-ասում է նա։

Պատասխանելով շատ երկրպագուների մտահոգող հարցին, թե ինչու տարիներ շարունակ Վլադիմիրը չէր երևում հեռուստաէկրաններին, երգիչը պատասխաում է․«Նախ նշեմ, որ ինձ մոտ մուտացիոն շրջան էր, և ես ընդհանրապես ելույթ չէի ունենում՝ խնայելով իմ ձայնը։ Հետո իմ կյանքում եկավ մեկ ուրիշ փուլ․ 18 տարեկանս լրացավ, գնացի բանակ՝ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու։ Այդ ամենը ինձ հեռու պահեց հեռուստաէկրաններից»,- պատմում է նա։

Հիշելով դպրոցական տարիները՝ երգիչը կիսվում է իր չարաճճիությամբ՝ խոստովանելով, որ հայտնիությունն իրեն ինչ-որ չափով արտոնյալ էր դարձրել դպրոցում։
«Դպրոցում ինձ շատ լավ էին վերաբերվում։ ժամանակ կար, երբ տարբեր մրցույթների մասնակցելու պատճառով չէի հասցնում պատրաստվել դասերիս, և ուսուցիչներս ինձ ընդառաջում էին։ Այո, եղել են դասեր, որոնք չեմ հասցրել սովորել, բայց երբ կանչում էին գրատախտակի մոտ ասում էի՝ «Կարո՞ղ եմ պատասխանելու փոխարեն երգել»»,- ժպիտով կիսվում է Վլադիմիրը։

Արտիստը բոլոր երեխաներին խորհուրդ է տալիս երբեք չհուսահատվել, ամեն ինչից փորձել մի բան սովորել ու լինել սեփական ուժերի վրա վստահ։
Վլադիմիրը նաև խոստանում է, որ շուտով կլինեն նոր երգեր։
«Իհարկե, կարանտինն ամեն բան հետաձգեց, բայց ոչինչ՝ ամեն բան սկիզբ ու ավարտ է ունենում։ Սպասեք նորությունների»,- եզրափակում է իր խոսքը երգիչը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան