Պոլինա Գագարինայի ամուսինը հերքել է իր ու երգչուհու ամուսնալուծության լուրը

Լուսանկարիչ Դմիտրի Իսխակովն առաջին անգամ մեկնաբանել է երգչուհի Պոլինա Գագարինայից բաժանվելու մասին լուրը։ Լրատվամիջոցների հարղորդմամբ՝ նա արդեն մի քանի ամիս է՝ առանձին է ապրում և ընդհանուր տանը լինում է միայն դստեր՝ Միայի հետ ժամանակ անցկացնելու համար։

Այդ տեղեկությունների հրապարակումից հետո երկրպագուները Դմիտրիին բազմաթիվ հարցեր են ուղղել՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։ Նա մինչև վերջին պահը նախընտրել է լռել, սակայն հանգստյան օրերին վերջապես խախտել է լռությունը՝ պատասխանելով ինստագրամյան իր էջի հետևորդներից մեկի մեկնաբանությանը։

«Պոլինկան հիմա իր եղունգները կկծրոտի։ Բաժանվել է, ու տղամարդն անմիջապես երիտասարդացել է 15 տարով»,- գրել է հետևորդներից մեկը։ Իսկ սրան ի պատասխան Դմիտրին պնդել է, որ նրանք չեն բաժանվել։ Նա այս թեմայով այլևս ոչինչ չի գրել։