«Ֆորսաժ» ֆիլմաշարում Միա Տորետոյին մարմնավորած դերասանուհին 13 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է

Ամերիկյան «Ֆորսաժ» ֆիլմաշարում Միա Տորետոյին մարմնավորած հայտնի դերասանուհի և մոդել Ջորդանա Բրյուսթերն արդեն որոշ ժամանակ ամուսնու հետ չի ապրում, գրում է People-ը:

40-ամյա Բրյուսթերը և 48-ամյա կինոպրոդյուսեր Էնդրյու Ֆորմը 13 տարվա ամուսնությունից հետո «քաղաքավարի բաժանման փուլում» են գտնվում։

Տեղեկություններ դեռևս չկան այն մասին, թե աստղային զույգն ապահարզանի համար փաստաթղթերն արդեն դատարան ներկայացրել է, թե ոչ։

Հայտնի է, որ ամուսինները երկու որդի ունեն՝ 6-ամյա Ջուլիանը և 4-ամյա Ռոուենը, որոնք երկուսն էլ փոխնակ մոր միջոցով են լույս աշխարհ եկել։

Զույգը ծանոթացել է 2005 թվականին «Բենզասղոցով տեխասյան կոտորած․ Սկիզբ» ֆիլմի նկարահանման հրապարակում, իսկ երկու տարի անց պաշտոնապես օրինականացրել են հարաբերությունները։