«Դետք» խմբի նոր տեսահոլովակն ու համագործակցությունը Անուշ Կիրակոսյանի հետ

Երաժշտական սոֆթ ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբն իր երկրպագուների դատին է ներկայացրել «Մախմուր աղջիկ» երգը, որի խոսքերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Խաչատուր Ավետիսյանը:
Showbiz.am կայքի հետ զրույցում խմբի անդամներից Վահան Կիրակոսյանը պատմեց երգի ընտրության, տեսահոլովակի և մայրիկի՝ հայտնի քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի հետ աշխատելու մասին։

Վահանը բացատրում է, թե ինչու նոր տեսահոլովակի համար ընտրեցին հենց այդ երգը․ ««Մախմուր աղջիկ»-ն իմ կարծիքով ամենասիրված երգերից է, և հետաքրքիր է, որ այն արդեն ընկալվում է որպես ժողովրդական երգ, մինչդեռ երաժշտության հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է, բառերինը՝ Սիլվա Կապուտիկյանը։ Երգը մի քանի անգամ ուղիղ եթերով կատարել էի մեր շատ սիրելի Անուշ Ալավերդյանի նվագակցությամբ (ով մեր երգերից շատերի հեղինակն է), և քանի որ մեծ ու դրական արձագանք էի ստացել ֆեյսբուքում, հենց մեր հետևորդներն էլ առաջարկեցին, որ ձայնագրվենք։ Արդեն մի քանի ամիս աշխատելուց հետո, ունենք երգը մեր մատուցմամբ»։


«Դետք» խմբին նվագակցում է հայտնի քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը, ով խմբի անդամներից Վահանի մայրիկն է։ Վահանը պատմում է՝ արդյո՞ք դժվար է աշխատել մայրիկի հետ, թե ոչ․ «Տիկին Կիրակոսյանի կամ մամայի հետ աշխատելը դժվար չի, քանի որ նա բնավորությամբ շատ մեղմ ու հանգիստ է, բայց և խստապանջ է, երբ հարցը հայ երգին ու երաժշտությանն է վերաբերում։
Բացի մեզ նվագակցելուց, մաման նաև մեզ ուղղություն է ցույց տվել և օգնել է մեզ յուրովի ներկայացնել երգն ու միաժամանակ չկորցնել Ավետիսյանի պատկերացումներն ու զգացմունքայնությունը։ Մայրս եղել է Խաչատուր Ավետիսյանի լավագույն ուսանողուհիներից մեկը»։

Անդրադառնալով տեսահոլովակին՝ Վահանը խոստովանում է, որ շատ կադրերի հեղինակը հենց իրենց թիմն է․ «Սա ավելի շատ փոքրիկ բառային վիդեո է, բոլորիս անգլերենով ծանոթ՝ lyrics video։ Ինքներս ենք նկարել կադրեր Հաղպատում, Լոռվա Ձորում, Սանահինում, Սևանում, ամենասովորական տեխնիկայով»։

Խոսելով կարանտինային ընթացքում տեսահոլովակ նկարահանելու ռիսկերի մասին՝ Վահանն ասում է․«Վարակվելու ռիսկերը քաղաքում, կարծում եմ՝ ավելի շատ են, քան բնության գրկում, բայց մենք իհարկե, որպես պարտաճանաչ և գիտակից քաղաքացիներ, ամենուր պահպանում ենք անվտանգության կանոնները»։

Իր խոսքը Վահան Կիրակոսյանը եզրափակում է՝ պատմելով խմբի հաջորդ  կարևոր ծրագրի մասին․ «Հաջորդը «Լույս»-ի տեսահոլովակն է, որին շատ ենք սպասել։ Երգը Համո Սահյանի բանաստեղծություններից մեկի մոտիվներով է, իսկ տեսահոլովակը տարբերվում է մեր բոլոր նախորդ տեսահոլովակներից»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան