Կեսդարյա հեռուստապատումն ավարտվեց. մահացել է Սուրեն Ռշտունին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է հայտնի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Սուրեն Ռշտունին։ Սուրեն Ռշտունին 90-ականների վերջերից Առաջին ալիքի գլխավոր ռեժիսորն էր:
1969 թվականից Ռշտունին եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։
1991-2004 թթ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: 1995 թ. ֆրանսիական կառավարության հովանավորությամբ, գործուղվել է Փարիզ, որտեղի Sirnea կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես գլխավոր ռեժիսոր:

4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006 թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-2009 թթ.` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-2010 թթ.` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008 թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010 թ. Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի և բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը: 2010-ից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:
Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997 թ.), «Գարնանային պատմություններ» (1998 թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998 թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999 թ.), «Սիրո աստղ» (2004 թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010 թ.) և այլն: