«Մհեր Մկրտչյանը սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»․ այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,- ասել է դերասան Սոս Սարգսյանը:

Բոլորի կողմից սիրված ու բոլորին ուրախացնող դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում:

Այսօր Մհեր Մկրտչյանի կամ շատ ավելի հայտնի Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է՝ 1930 թվական, հուլիսի 4, Գյումրի:

Լավագույն դերերից են՝  Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»),  Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):

Մկրտչյանը 1988-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99»), Արսենը («Նվագախմբի տղաները»), Գասպարը («Եռանկյունի»), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը»), Նիկոլը («Հին օրերի երգը»), Ռուբենը («Մեր մանկության տանգոն») և այլն:

Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտրյանը մահացել է  1993 թվականի դեկտեմբերի 29-ին:

Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը: