Կինոընկերությունը դերասանուհի Եվա Գրինից 130 միլիոն դոլար է պահանջում ֆիլմի նկարահանումները տապալելու համար

Ֆրանսիացի դերասանուհի, մոդել Եվա Գրինը «Հայրենասերը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների ժամանակ սկանդալի կենտրոնում է հայտնվել․ White Lantern կինոընկերությունը դերասանուհուց այժմ նկարահանումների տապալման համար ավելի քան 130 միլիոն դոլար է պահանջում, գրում է variety.com կայքը։

Կինոընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ 40-ամյա Գրինը խանգարել է ավարտին հասցնել ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Նշվում է, թե իբր դերասանուհին սկսել է ընկերությանը խենթ պահանջներ ներկայացնել։

Նա պահանջել է հավելյալ պրոդյուսեր Փոլ Սարոնիին, տեսողական էֆեկտների մասնագետ Ջորջ Զվիրին և սցենարիստ Ժանեթ ՄաքԳրաթին վարձել, ինչպես նաև պնդել է, որ կինոընկերությունն իր անձնական օգնականների համար նույնպես վճարի։

Այս պահանջների շուրջ առաջացած սկանդալի պատճառով դերասանուհին հրաժարվել է ֆիլմի նկարահանումներից։ Միևնույն ժամանակ կինոընկերության դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով ավելի քան մեկ միլիոն դոլարի չափով իր հոնորարը։

Գրինը հավելել է, որ պայմանագրի պայմանների համաձայն՝ անկախ այն հանգամանքից՝ ֆիլմը կինովարձույթում կհայտնվի, թե ոչ, նա պետք է ստանա իր հոնորարը։