43 տարեկանում կյանքից հեռացել է «Սև հովազ» ֆիլմի գլխավոր դերակատարը

ԱՄՆ-ում 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է «Սև հովազ» հայտնի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ: Այս մասին հայտնում է դերասանի թվիթերյան էջը: Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի երրորդ փուլի քաղցկեղ, որը զարգացել է մինչև չորրորդ փուլը, նշված է հաղորդագրության մեջ:

TMZ-ի տվյալներով՝ նա մահացել է Լոս Անջելեսում իր տանը՝ ընտանիքի շրջապատում։ Նա իր ախտորոշման մասին հրապարակայնորեն երբեք չի խոսել։
Նրա մահվան բոթին արձագանքել է Marvel կինոստուդիան, որի ֆիլմերում դերասանն ակտիվ մասնակցություն է ունեցել:

«Մեր սրտերը կոտրված են, մեր մտքերը՝ Չեդվիկ Բոուզմանի ընտանիքի հետ: Քո թողած ժառանգությունը կապրի հավերժ: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասվում է կինոստուդիայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Instagram սոցկայքում: