«Ամեն ինչ մնաց ուղղակի կիսատ»․ «Դետք»-ի պրոդյուսերը՝ Արցախում զոհված Տիգրան Հարությունյանի և իրենց վերջին հեռախոսազրույցի մասին

«ԴԵՏՔ» խումբը երկրպագուներին ներկայացրեց նոր տեսահոլովակի պրեմիերա, որը նկարահանվել է «Մութը մենք ենք հորինել» երգի հիման վրա։ Երգն ու տեսահոլովակը նվիրվում են արցախյան պատերազմի ընթացքում զոհված Տիգրան Հարությունյանին, ով խմբի անդամների մտերիմ ընկերն էր։

Showbiz.am կայքի հետ զրույցում «ԴԵՏՔ»-ի պրոդյուսեր Արամ Ամպը կիսվում է՝ ինչու հենց այս կատարումը որոշեցին նվիրել Տիգրանին և պատմում է, թե ինչպիսին էր Տիգրանն ու ինչ երազանքներ ուներ նա ապագայի հետ կապված։

«Տիգրանը իմ և խմբի տղաների մոտ ընկերն է եղել, չենք համագործակցել, բայց ցանկացել ենք, որ ինքը լինի խմբում։ Քանի որ ինքը չէր երգում այլ պարում էր, խումբ չմտավ։ Բայց Տիգրանը խմբի շատ հարազատ ընկերն է եղել։ Սկզբից՝ խմբի ստեղծման առաջին տարվանից, մեր ընկերն է եղել»,– հիշում է Արմանն  ու պատմում, թե ինչու որոշվեց հենց «Մութը մենք ենք հորինել» երգը նվիրել Տիգրանին․

«Տեսահոլովակը նկարահանել ենք սեպտեմբերի 18-ին Շամշադինում՝ Բերդի անտառներում, ու հենց այդ օրը Տիգրանը զանգեց։
Զրույցի ընթացքում ասացինք, որ նկարահանման ենք, հոգնած ենք, սկսեց հետաքրքրվել՝ ինչ երգ է, խնդրեց երգել, պատմել՝ ինչ ենք նկարել, մանրամասն հետաքրքրվեց։
Ու հիմա որոշեցինք, որ այդ տեսահոլովակը կնվիրվի Տիգրանի հիշատակին»։

Արմանը մեծ դժվարությամբ ու ցավով է անցյալով խոսում Տիգրանի մասին ու հիշում է, թե որքան երազանքեր ու ծրագրեր ուներ վերջինս․
«Տիգրանը շատ լուսավոր ու դրական մարդ էր, չեմ կարողանում անցյալով խոսեմ իր մասին։ Տիգրանը շատ տաղանդավոր էր իր ասպարեզում, միշտ դրականն էր տարածում, միշտ փորձում էր խմբում յուրաքանչյուր գժտության դրական լուծում տալ, իր հետ գժտություն երբեք չէր լինում, բացառված էր։ Ինքը մեր քաղաքի տղա էր, ամեն ինչը համովհոտով, չափի մեջ, բայց ամեն առումով զարգացած էր նաև։ 18 տարեկան էր, երբ ծանոթացանք, բայց շատ հասուն էր, տղամարդավայել, մեծահոգի, չափազանց լուսավոր՝ մտքով ու, ինչպես տեսնում եք, նաև արտաքինով։

Պատմությունները Տիգրանի հետ կապված շատ-շատ են։ Ես գիտեմ, որ ինքը մեծ երազանքներ ու ծրագրեր ուներ իր բնագավառում՝ դերասանական, պարային, մոդելային։ Դրա համար ուներ արդեն մեծ պորտոֆոլիո ու մտածում էր, որ ծառայությունից հետո պետք է սկսի ավելի մանրամասն զբաղվել, դուրս գալ երկրից, քանի որ մեզ մոտ մոդելինգի գործը մի քիչ սահմանափակումներ ունի՝ կապված նաև պետության վիճակի հետ։ Ինքը մեծ երազանքներ ուներ, մենք էլ իրեն ինչով հնարավոր է օգնում էինք։ Իր էջում շատ ֆոտոշարքեր ունի, որոնք հենց ես եմ արել։ Ամեն ինչ մնաց ուղղակի կիսատ»։

Արմանը նաև հիշում է իր ու Տիգրանի վերջին հեռախոսազրույցը։
«Ես Տիգրանի հետ վերջին անգամ խոսել եմ պատերազմից անմիջապես առաջ՝ սեպտեմբերի 20-ին։ Ու ոչ մի նման մտավախություն չկար։ Հետո, երբ պատերազմը սկսեց, Տիգրանի հետ հիմնականում խոսում էր իր ընկերը՝ Գոռը, ով բոլորին ինֆորմացնում էր, թե ինչպես է Տիգրանը։ Նրա հետ Գոռը հոկտեմբերի 9-ին  վերջին անգամ է խոսել, ամսի 9-ից տեղեկություն չկար։ Գոռը գնացել էր Ստեփանակերտ, բոլոր զորամասերում, բոլոր մորգերում փորձել էր գտնել Տիգրանին։ Ես ամսի 17-ին որպես պահեստազորային մեկնել եմ Արցախ, Տիգրանի նկարները ցույց էի տալիս ու մի հոգի, ով նույնպես Հադրութից էր ինչպես Տիգրանը, ճանաչեց ու ասաց, որ իր տեղեկությամբ Տիգրանը զոհվել է։
Մենք
, իհարկե, փորձեցինք չհավատալ, մտածեցինք գուցե ինչ-որ բան են խառնում, բայց արդեն դրանից 10 օր հետո Տիգրանի մարմինը գտանք։
Ըստ փաստաթղթերի Տիգրանը զոհվել է հոկտեմբերի 11-ին»,-
պատմում է Արմանը։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան