Netflix-ը Հռոմի պապի «Տարիների իմաստությունը կիսելով» գրքի հիման վրա ֆիլմաշար կնկարահանի

Netflix-ը կնկարահանի վավերագրական ֆիլմաշար, որը հիմնված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «Տարիների իմաստությունը կիսելով» գրքի վրա: Այս մասին գրում է Variety-ն, նշելով`ծրագրին կմասնակցի հենց ինքը՝ Հռոմի պապը:

Նշվում է, որ նախագծի հեղինակ, իտալացի հեռուստապրոդյուսեր և սցենարիստ Սիմոնա Էրկոլանին ոգեշնչվել է Հռոմի պապի աշխատանքից, որը թողարկվել է 2018-ին ԱՄՆ-ում, ապա՝ Իտալիայում:

Հավելվում է, որ Ֆրանցիսկոս պապը, որն օրերս բոլորել է իր 84 տարին, բացառիկ հարցազրույց կտա ֆիլմի ստեղծողներին՝ տարբեր երկրներից ժամանած երիտասարդ ռեժիսորներին:

«Ռեժիսորների հարցերը առնչվում են բոլոր մարդկանց համար համընդհանուր թեմաներին՝ սեր, պայքար, աշխատանք և երազանքներ»,- մանրամասնվում է հաղորդագրության մեջ:

Չորս սերիայից բաղկացած ֆիլմաշարը կցուցադրվի Netflix-ում 2021 թվականին բոլոր երկրներում: