«Անցած օրեր». Հայկ Պետրոսյանի նոր երգը՝ գրված պատերազմի օրերին

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը, ով որպես կամավոր մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, երկրպագուներին է ներկայացրել «Անցած օրեր» ստեղծագործությունը, որը գրել է պատերազմի օրերին: Երգն արդեն համացանցում է:

«Այս երգը բանակում եմ գրել: Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր Առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն… այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Պետրոսյանը:

Նա ընդգծել է, որ խոնարհվում է բոլոր ծնողների առջև: Ըստ Հայկի՝ սիրո և երախտիքի լավագույն դրսևորումը կլինի ապահով երկիր կառուցելը ո´չ միայն ապագա սերունդների, այլ նաև մեր ծնողների համար: Երիտասարդներն էլ իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ լինեն արժանի զավակներ:

«Պատերազմի օրերին հայրս եկավ Արցախ` Կարմիր Շուկա, և մենք միասին թեյ խմեցինք մեր խրամատում: Իմ կյանքի ամենահիշվող և ոգեշնչող օրերից մեկն է այդ օրը»,-պատմել է երգիչը: