Կոբի Բրայանտի այրին դատական հայց է ներկայացրել ոստիկանական բաժանմունքի դեմ

Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրին հրապարակել է Լոս Անջելեսի ոստիկանության 4 սպաների անունները, որոնց մեղադրում է ամուսնու մահվան պատճառ դարձած ավիավթարի վայրում արված լուսանկարները տարածելու մեջ:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Վանեսա Բրայանտը դատական հայց է ներկայացրել ոստիկանական բաժանմունքի դեմ՝ անփութության և անձնական կյանք ներխուժելու համար: «Մենք զերծ կմնանք այս գործը լրատվամիջոցներում քննարկելուց»,- արձագանքել է Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Բրայանտը 13-ամյա դստեր և 7 այլ անձանց հետ միասին մահացել է անցյալ տարի հունվարին տեղի ունեցած ավիակործանման հետևանքով: Նրա ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում:
Վերջինիս ուղղաթիռը կառավարել է օդաչու Արա Զոբանյանը:
Այս տարվա փետրվարին անցկացված հետաքննության տվյալներով՝ վերջինս, հավանաբար, կորցրել է ուղղաթիռի կառավարումը մառախուղի պատճառով, որից հետո այն բախվել է լեռնային զանգվածին: