«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հարազատները, ընկերները, դասախոսներն ու մտերիմները նրա հիշատակը հարգեցին Գագիկին նվիրված համերգային ծրագրով:«Այս կյանքում այսքանը…» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգին ելույթ ունեցան Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանի շրջանավարտները, Գագիկի ընկերները։ Հնչեցին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Գագիկ Խաչատուրյանը սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։ 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։