Գյումրիում ազդարարվեց «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծման մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ ապրիլի 11-ին, Գյումրու  թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ  «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծումն ազդարարող հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում դպրոցին հանձնվեց  նվագախմբին անհրաժեշտ 10  լարային երաժշտական գործիք։
Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում «Մանսուրյան» աշակերտական նվագախմբի ստեղծման ու անհրաժեշտ երաժշտական գործիքների ձեռքբերման մասին հայտարարվել է 2019 թվականի սեպտեմբերին Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցած «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի վերջին համերգի ժամանակ. հայտարավել էր, որ համերգի հասույթը կտրամադրվի վերնշյալ նպատակին։

Ապրիլի 11-ի երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացրեց Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: Հնչեցին ինչպես բոլորին հայտնի, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի ստեղծագործություններ: