«Մատանիների տիրակալը» սերիալը կդառնա պատմության մեջ ամենաթանկը

Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքերի հիման վրա նկարահանվող ֆենթզի սերիալի առաջին եթերաշրջանն ամերիկյան Amazon Studios ընկերության համար կարժենա 465 միլիոն դոլար, այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:

Նախկինում նախատեսվում էր 500 միլիոն դոլար ծախսել շոուի մի քանի եթերաշրջանների ստեղծման վրա:

Նոր Զելանդիայի տնտեսական զարգացման և զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նաշը Morning Report-ին հաստատել է, որ Amazon-ը մտադիր է ծախսել 465 միլիոն դոլար:

«Դա ֆանտաստիկ է, դա իսկապես այդպես է․․․ Սա կլինի երբևէ արված ամենամասշտաբային հեռուստասերիալը», – ասաց նա:

Բացի այդ, այս թվերը հրապարակվել են Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական տեղեկատվությունների մասին օրենքի համաձայն: Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ստուդիան պատրաստվում է սերիալի հինգ եթերաշրջան նկարահանել Նոր Զելանդիայում: