Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական էջերն անտեսել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության տարեդարձը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի երկրպագուները շնորհավորական խոսքեր են գրել զույգի ամուսնության 3-րդ տարեդարձի առթիվ, գրում է Daily Mail բրիտանական պարբերականը և հավելում, որ թագավորական ընտանիքի մյուս անդամներն այսօր անցկացրել են իրենց սովորական աշխատանքային գործերով։

Սասեքսի դուքսի և դքսուհու պսակադրության տարեդարձի առթիվ բազմաթիվ երկրպագուներ շնորհավորական ուղերձներ են հղել զույգին։

Պարբեկանի փոխանցմամբ՝ սա երկրորդ տարին է, ինչ արքայական ընտանիքին պատկանող սոցիալական օգտահաշիվներում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության տարեդարձին անդրադարձ չի լինում, փոխարենը նույն օրը Բուքինգհեմյան պալատի ինստագրամյան պաշտոնական էջը հայտարարել է այն մասին, որ արքայադուստր Բեատրիսն ու ամուսինը երեխայի են սպասում։

Արքայազն Չարլզն ու Քորնուելի դքսուհի Կամիլան օրն անցկացրել են Հյուսիսային Իռլանդիայում, իսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներկա է եղել երկու ցուցահանդեսի։

Սասեքսի դուքսն ու դքսուհի Մեգանը նույնպես չեն խոսել իրենց ամուսնության օրվա մասին, սակայն ամենայն հավանականությամբ նրանք այն տոնելու են Մոնտեսիտոյի իրենց կալվածքում, նշում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին` Սուրբ Ջորջ մատուռում։