«Ունեցել եմ անկողնային տեսարաններ». երգչուհի Յանա Գրիգորյանը՝ որպես դերասանուհի հանդես գալու, ընտանիքի արձագանքի և քննադատությունների մասին

20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, ֆոտոմոդել և երգչուհի Յանա Գրիգորյանը նորություն ունի. այսուհետ նա հանդես է գալիս նաև որպես դերասանուհի: Յանան նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով հեռարձակվող «Վերջնագիծ» հեռուստասերիալում, որի պրոդյուսերը Գոռ Վարդանյանն է, իսկ ռեժիսորը՝ Լուսինե Մարտիրոսյանը: Asekose.am-ի հետ զրույցում Յանա Գրիգորյանը պատմել է որպես դերասանուհի հանդես գալու առաջարկի, իր կերպարի, հեռուստադիտողների արձագանքի, դերասան Գևորգ Գրիգորյանի հետ աշխատանքի մասին և ոչ միայն:

«Շատ անգամներ եմ ստացել ֆիլմերում ու սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց քանի որ այդ ժամանակահատվածում ինձ այդ ամենը չէր հետաքրքրում, դրանց լուրջ չէի վերաբերվում: Նկարահանման գործընթացն ինձ միշտ դուր է եկել, քանի որ 16 տարեկանում ես շատ պատահական հայտնվեցի «Հայ TV հեռուստաալիքում», որտեղ ռեժիսոր Արամ Ջիլավյանը ֆիլմ էր նկարահանում և առաջարկեց, որ ես էլ իմ մասնակցությունն ունենամ նկարահանման գործընթացում: Իհարկե, այդ ամենն ինձ շատ հետաքրքիր էր այդ ժամանակահատվածում, բայց որպես դերասանուհի ինձ չէի տեսնում հետագայում: Երբ իմացա, որ այս սերիալի պրոդյուսերը Գոռ Վարդանյանն է, հասկացա, որ ժամանակն է, որպեսզի ուժերս փորձեմ նաև որպես դերասանուհի»,- մեզ հետ զրույցում պատմեց Յանան:

Անդրադառնալով սերիալում իր մարմնավորած կերպարին՝ Յանան նշեց, որ այն լիովին տարբերվում է իր իրական կերպարից.

«Ես ինձ բնավորությամբ շատ ուժեղ մարդ եմ համարում և այն կարծիքին եմ, որ ոչ մի պարագայում կինը չպետք է վազի տղամարդու հետևից՝ անկախ նրանից, թե ինչպես են դասավորվել հանգամանքները: Սակայն պետք է շատ կարևոր մի բան նշեմ. իմ կերպարը դեռ շատ մակերեսորեն է ներկայացվել: Իրականում իմ հերոսուհին՝ Ալլան, շատ խորն է, նա բարդ ճակատագրի արժանացած երիտասարդ կին է, ով շատ սիրել ու նվիրվել է մի տղամարդու, ով հանգամանքների բերումով երկար տարիներ անցկացրել է բանտում: Ալլան ստիպված է եղել միայնակ հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, ինչի պատճառով էլ վիրավորված է թե՛ իր սիրած տղամարդուց, թե՛, առհասարակ, կյանքից»:

Յանայի խոսքով՝ ֆինանսական կողմը երբեք էլ իր համար առաջնահերթ չի եղել.

«Ես վատ չեմ վաստակում և՛ որպես երգչուհի, և՛ որպես միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն: Ինձ համար ավելի կարևոր էր ուժերս փորձել որպես դերասանուհի, մյուս կողմից էլ ինձ շատ հետաքրքիր էր, թե ես ինչպես կընկալվեմ հանրության կողմից որպես դերասանուհի»:

Յանան արդեն հասցրել է տանալ դրական արձագանքներ, սակայն ընդունում է նաև քննադատությունները, եթե դրանք տեղին են.

«Դիտելով սերիալը՝ ես փորձում եմ շտկել իմ թերություններն ու բացթողումները, դրանք քննարկում եմ ընկերներիս հետ: Առաջնահերթ կարևորում եմ ընտանիքիս ու ընկերներիս կարծիքը, որովհետը գիտեմ, որ նրանք ինձ հետ անկեղծ են: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ընտանիքիս իմ դերն այդքան էլ դուր չի գալիս, որովհետև բաց տեսարաններ կային: Նրանց մոտ մտվախություն կա, որ հեռուստադիտողն ինձ հետագայում կընկալի սերիալում իմ մարմանավորած կերպարով, բայց ես կարծում եմ, որ հասկացող մարդիկ կտարանջատեն իմ իրական կերպարն ու իմ մարմնավորած կերպարը՝ հասկանալով, որ սա ընդամենը դեր է, որը կապ չունի ինձ հետ»:

Այն դիտարկմանը, որ հայկական շոու բիզնեսում շատ դերասանուհիներ խուսափում են բաց կամ անկողնային տեսարաններից, ոմանք ՝ անգամ համբույրի տեսարաններից, Յանան խոստովանեց.

«Ես դեմ չեմ բաց տեսարաններին, եթե դրանք գռեհիկ չեն և ճիշտ են մատուցվում հեռուտադիտողներին: Ինքս ունեցել եմ բաց տեսարան, որը, սակայն, շատ ճիշտ է ներկայացվել: Իսկ ինչ վերաբերում է համբույրի տեսարանին, ես կհամաձայնեմ և կմոտենամ դրան պրոֆեսիոնալ կերպով, քանի որ դա իմ աշխատանքն է»:

Թեև որպես դերասանուհի Յանան առաջին անգամ է հանդես գալիս, սակայն վստահեցնում է, որ երբեք դեմ չի գնա իր սկզբունքներին՝ անկխ ամեն ինչից.

«Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գա, չեմ անի հաստատ՝ կապ չունի՝ դա կլինի կերպարի հետ կապված, թե առօրյայում: Ես բնավորությամբ այդպիսին եմ: Ես իմ եսին ու սկզբունքներին երբեք դեմ չեմ գնա:Վստահաբ ասում եմ՝ ես այն մարդկանցից չեմ, ովքեր պատրաստ են ամեն ինչի՝ հանուն հայտնիության»:

Տարիներ շարունակ հանդես գալով որպես միջազգային մրցույթների ազգային տնօրեն, ֆոտոմոդել և երգչուհի՝ Յանան թեև ունի տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելու, տեսախցիկների հետ աշխատելու բավականին մեծ փորձ, այնուամենայնիվ, նրան շատ են օգնում խաղընկերներն ու ստեղծագործական թիմը.

«Ես շնորհակալ եմ բոլորին՝ պրոդյուսեր Գոռ Վարդանյանին, ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանին, որովհետև իրականում կածում եմ, որ բավականին ռիսկային էր իմ՝ որպես դերասանուհի հանդես գալը, քանի որ խաղընկերներս շատ հայտնի և սիրված դերասաններ են: Կարծում եմ, որ նրանց մոտ մտավախություն կար, թե ես որպես դերասանուհի ինչպես կընկալվեմ հեռուստադիտողների կողմից: Թե խաղընկերներս, թե նկարահանող անձակազմն ինձ շատ են օգնում, ոգեշնչում, նրանք իրենց գործում լավագույնն են: Խաղընկերս տաղանդավոր դերասան ու շատ լավ մարդ Գևորգ Գրիգորյանն է, ում հետ աշխատելը շատ հեշտ է: Անկեղծ կասեմ, որ ի սկզբանե ինձ մոտ մտավախություն կար՝ արդյո՞ք մեր համատեղ աշխատանքը կստացվի, թե ոչ, բայց առաջին իսկ օրվանից շատ հեշտ կարողացանք աշխատել»,- Asekose.am-ի հետ զրույցում նկեղծացավ Յանա Գրիգորյանը: